«Եվրոպայի լավագույն դահլիճներում մենք ներկայացնելու ենք մեր երաժշտությունը»
10.01.2020 | 01:38
Հունվարի 8-ից Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգների շարք է սկսել Եվրոպայում։ 8 համերգ՝ Եվրոպայի 5 երկրում (Գերմանիա‚ Ավստրիա‚ Մեծ Բրիտանիա‚ Չեխիա‚ Ռուսաստանի Դաշնություն)։ Տարածաշրջանային նվագախմբերից նման համերգային շրջագայություն ունեցել է‚ թերևս‚ միայն Մարիինյան թատրոնի նվագախումբը։ Այս հետագիծն այսօր կրկնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԻ ղեկավարությամբ։ Համերգները կկայանան աշխարհի լավագույն դահլիճներում՝ Մյունխենի Gasteig մշակութային կենտրոն‚ Զալցբուրգի Grosses Festspielhaus‚ Շտուտգարտի «Բեթհովեն» դահլիճ, Բեռլինի ֆիլհարմոնիայի համերգասրահ‚ Լոնդոնի Բարբիկան կենտրոն, Վիեննայի Մյուզիքվերեյն‚ Պրահայի Ռուդոլֆինում սրահ‚ Մոսկվայի «Զարյադիե» դահլիճ։
«Ներկայացնել նվագախումբը նման դահլիճներում‚ ելույթներ աշխարհի ամենաճանաչված ջութակահարներից մեկի՝ Մաքսիմ Վենգերովի հետ մեծագույն ձեռքբերում է»‚- ասում է Սերգեյ Սմբատյանը՝ շեշտելով նաև այդ ամենի բովանդակային շատ կարևոր գործոնը. Եվրոպայում առաջին անգամ կներկայացվի Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան‚ որը, ըստ մաեստրոյի‚ հայկական լավագույն սիմֆոնիաներից մեկն է։
Առաջին ելույթն արդեն կայացել է հունվարի 8-ին Մյունխենի Gasteig մշակութային կենտրոնում‚ ելույթն ուղեկցվել է բուռն ծափերով։
«Այս նախագծի մասին Վենգերովի հետ բանակցություններ ենք վարել մոտ 2,5 տարի։ Մաքսիմ Վենգերովը մեր նվագախմբի լավագույն ընկերներից է։ Այս համերգաշրջանում նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ արտիստն է։ Եվրոպայի լավագույն դահլիճներում մենք ներկայացնելու ենք մեր երաժշտությունը։ Նման սրահներում հաճախ չէ‚ որ հնչում է հայկական երաժշտություն‚ առավել ևս, ստեղծագործություն‚ որ երբեք չի կատարվել Եվրոպայում»‚- ասաց Սերգեյ Սմբատյանը։
Նվագախումբը Եվրոպա է մեկնել ամբողջ կազմով՝ 92 երաժիշտ։ Դիրիժորն ընդգծում է‚ որ համերգային այս շրջագայությունը կոլեկտիվի ու իր կյանքում ամենամեծ նախագիծն է‚ ինչն իրենց շատ ոգևորում է‚ ու մեծ պատասխանատվությամբ են հանդես գալու եվրոպացի քմահաճ ունկնդրի առջև։
Ի դեպ‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եվրոպական համերգային տուրը մեծ արձագանք է ստացել նաև արտասահմանյան մամուլում. Անդրադարձներ կարելի է կարդալ Classic FM-ում‚ Rhinegold-ում‚ Strad-ում‚ Arts Manager-ում։
Անդրադառնալով ընթացիկ համերգաշրջանին՝ Սերգեյ Սմբատյանը նկատեց‚ որ Հայաստան վերադառնալուց հետո ունեն շատ խիտ համերգացանկ՝ ելույթներ‚ փառատոներ‚ դարձյալ հյուրախաղեր։
Անահիտ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Մեկնաբանություններ